2017-01-03 09:23:00

Հախագահ Սերժ Սարգսեանի շնորհաւորական ուղերձը` Ամանորի և Սուրբ Ծննդեան տօների առթիւ


Սիրելի՛ հայրենակիցներ,

Պատմութեան գիրկն է անցնում 2016 թուականը, որը մեր անկախութեան վերականգնման քսանհինգ ամեակի տարին էր: Այն իսկապէս իրադարձութիւններով և փորձութիւններով լի ժամանակաշրջան էր:

Ապրիլին տեղի ունեցաւ քառօրեայ պատերազմը: Մարտի դաշտում մեր ժողովուրդը կրկին ապացուցեց, որ իր հաւաքական ուժն անկոտորում է, հայրենիքը պաշտպանելու կամքը՝ անսասան: Հայաստանի, Արցախի և սփիւռքի միասնութիւնը նենգ ու դաւադիր յարձակումներից չի ընկրկելու: Բոլոր փորձութիւններից մենք դուրս ենք գալու աւելի ամրացած:

Թո՛ղ մեր յիշողութեան մէջ 2016 թուականը մնայ որպէս ազգային համախմբման տարի: Անցնող տարում մենք ինքներս մեզ և ողջ աշխարհին ևս մէկ անգամ ապացուցեցինք, թէ ինչ ասել է ազգային ոգի, ազատութեան և հայրենիքի համար պայքարելու կամք:

Այսպիսի ազգային համաձայնութեամբ թևակոխում ենք մեր անկախ պետականութեան երկրորդ քսանհինգ ամեակը: Մեր անկախութեան առաջին շրջանը պատերազմ և դժուարութիւններ դիմագրաւելու փուլ էր: Այդ ընթացքում կերտեցինք Արցախի ազատամարտի յաղթանակը, դրեցինք հայոց անկախ պետութեան յարատևութեան հիմքերը:

Ահա այստեղ է իմ լայնատեսութեան աղբիւրը: Նաև այստեղ է մեր վաղուայ յաջողութիւնների ակունքը: Աւելի լաւ երկիր կառուցելու հաւատը և այն պաշտպանելու կարողութիւնը մեզ արդեն դարձրել են աւելի ուժեղ: Ամեն շաբաթ, ամեն ամիս մենք կատարելու ենք գուցէ և փոքր, բայց վստահ քայլ դէպի աւելի լաւ, աւելի արժանապատիւ և աւելի բարեկեցիկ ապագայ:

Մենք նոր տարի ենք մտնում մեր ուժերին վստահ: Գալիք 25 տարիները լինելու են վերելքի՝ աւելի ուժեղ և աւելի բարեկեցիկ Հայաստան կերտելու շրջան: Հենց այդ ոգով մենք ամէն օր առաջ ենք գնալու բոլորիս համար տեսանելի և շօշափելի փոփոխութիւններ իրականացնելու ճանապարհով:

Նոր տարի ենք մտնում լուրջ և իրատեսական ծրագրերով: Հետևողական և լայնածաւալ փոփոխութիւնների դրական արդիւնքները թէ՛ տնտեսութեան, թէ՛ այլ ոլորտներում մօտ ապագայում զգալու ենք բոլորս: Հաւատում եմ, որ նոր կառավարութեանը դա յաջողուելու է, և դա լինելու է բոլորիս յաջողութիւնը:

Եկող տարին վճռորոշ է լինելու մի քանի առումներով: 2017 թուականի գարնանը կայանալու են Ազգային ժողովի ընտրութիւնները: Մեր հասարակութիւնը միասնաբար կարող է կազմակերպել այնպիսի քաղաքական գործընթաց, որին կվստահի նրա իւրաքանչիւր ներկայացուցիչ: Մեզ անհրաժեշտ են այնպիսի ընտրութիւններ, որպէսզի մեր պետութեան նաւը խուսափի անցեալից յայտնի ստորջրեայ խութերին բախուելուց:

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ամանորի տօնական սեղանների շուրջ բոլորս բաժակ ենք բարձրացնում հայոց բանակի համար, այն մարդկանց համար, ովքեր այս պահին ապահովում են մեր խաղաղութիւնը: Նաև ոգեկոչում ենք 2016 թուականին ու դրանից առաջ և յետոյ անմահացած զինուորների և սպաների յիշատակը: Մենք ուժ ենք մաղթում նրանց ընտանիքներին և հարազատներին:

Նաև առաջարկում եմ բաժակ բարձրացնել մեր նոր սերնդի, մեր երեխաների համար: Նրանք անկախութեան սերունդն են, որն անառիկ է պահում մեր սահմանները: Նրանց շնորհիւ եռագոյնը փողփողում է օլիմպիական խաղերում: Այս սերնդի ներկայացուցիչները համաշխարհային դպրոցական առարկայական օլիմպիադաներից վերադառնում են տասնեակ մեդալներով: Նրանց ստեղծագործական միտքը բացում է աշխարհի ամենաճանաչուած մշակութային և գիտական օջախների դռները:

Նրանց կրթութեան և աճի համար մենք ոչ մի միջոց չենք խնայելու: Իմ հաստատ համոզմամբ՝ հենց այս կերպ ենք ստեղծելու բազմապատիկ աւելի լաւ Հայաստան, քան այժմ ունենք:

Սիրելի՛ բարեկամներ,

Նոր՝ 2017 թուականին մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին երջանկութիւն, խաղաղութիւն և սէր: Շնորհաւո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։








All the contents on this site are copyrighted ©.